«Քաղաքից դուրս՝ քաղաքի ներսում» ԷԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Է՜հ, ոնց եմ ուզում մաքուր օդ շնչեմ, հայտնվեմ բնության գրկում, բայց մեն-մենակ: Ափսոս, մերոնք չեն թողնի գնամ քաղաքից դուրս, օրինակ՝ Դիլիջան, Սևան…

Մի րոպե՜, հիշեցի: Ախր հենց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է գտնվում մեր Երևանի թոքերը՝ Բուսաբանական այգին (Yerevan Botanical Garden):


80 հա տարածքը կամ 1100 տեսակ բուսականությունն ու ծառերը մի՞թե ինձ բավական չեն: Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935-ին հայտնի գիտնականներ Ա.Ա. Հախվերդովի, Ա.Կ. Մաղաքյանի և Ն.Վ. Միրզոևայի կողմից, իսկ 2015 թվականին նշվել է այգու հոբելյանական 80 ամյակը։ Հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասել է, որ «Բուսաբանության ինստիտուտն ու Բուսաբանական այգին մեր ակադեմիայի հնագույն կազմակերպություններից է, որն իր անցած 80 տարներին ծառայել է գիտությանը, մեր երկրի բուսական աշխարհի ուսումնասիրություններին, բնապահպանական տարբեր խնդիրների լուծմանը»։



Այսքանից հետո, ինչպես կարելի է չգնալ այդ դրախտային վայր, կամ չտեսնել Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակները /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային, և նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ, մոտ 70 տեսակ, որից 38-ը ներառվել է ՀՀ Կարմիր գրքում:




«Rosarium Helveticum » հետաքրքիր անվանում է, այնպես չէ՞: Դե ասեմ, իմացեք՝ 1980թ-ին Բուսաբանական այգու վարդերի հավաքածուն կազմում էր մոտ 300 սորտ, սակայն 1990-ական թվականներին Հայաստանում տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու էքսպոզիցիոն-ցուցադրական վարդերի հավաքածուն մյուս կանաչ տնկարկների հետ մեկտեղ լուրջ վնասներ կրեց և միայն 2011թ-ին Հայաստանում գտնվող Շվեյցարական դեսպանության ֆինանսական աջակցությամբ հնարավոր եղավ ստեղծել վարդերի էքսպոզիցիոն հողամասը (2000 քառ.մ) և ի պատիվ Շվյեցարիայի, այն անվանվեց “Rosarium Helveticum”:

Ներկայումս վարդանոցում առկա է 27 սորտի վարդ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերում՝ թեյա-հիբրիդային, պոլիանտ կամ բազմածաղիկ վարդեր, ֆլորիբունդա, պուրակային վարդեր, փաթաթվող վարդեր:

Նշված բոլոր սորտերը լավ հարմարվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին, և Բուսաբանական այգին դարձել է նրանց հարմարավետ բնակարանը:

    Վա՜յ, անպայման պետք է այս ամենը սեփական աչքերով տեսնել:

Այստեղ մինչև 1992 թվականը գործել է ջերմատուն,որտեղ ներկայացվում էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի հազարից ավել տեսակ, սակայն այժմ այն հասնում է 300-ի։ Երևանի Բուսաբանական այգին ունի թվով 4 դենդրարիում։ Դենդրարիումը ստեղծվել է էկոաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ ներկայացված են Կովկասի, Սիբիրի, Արևելյան Ասիայի, Հ․ս Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաներ։ Այգում գործում է նաև հնէաբուսական թանգարան, որը հիմնադրվել է շնորհիվ հայ-գերմանական հիմնադրամի։

Համացանցում այս ամենը կարդալուց հետո հասկացա, որ թեև Երևանի Բուսաբանական այգին զարմացնում է իր այցելուներին և մեծ հետաքրքրություն  առաջացնում դեռ չայցելած անձանց մոտ, սակայն այն նույնպես ունի խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Այգու գլխավոր և ամենամեծ խնդիրը կապված է անբավարար ֆինանսավորման հետ, քանի որ այգին պատշաճ կերպով չի կարողանում իրականացնել իր գիտակազմակերպական և արտադրական գործունեությունը։


Նյութը պատրաստեց Մարգարյան Էլենը:

Հոդվածը գրվել է The Voice of Yerevan Community  ծրագրի շրջանակներում:


Комментарии

Популярные сообщения из этого блога

«Ամառային երեկոն Քանաքեռ-Զեյթունում» ԱՆՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ

«Մեր Մայր Հայաստանն ու Հաղթանակ զբոսայգին» ՍՏԵԼԼԱ ՀԱՄԲԱՐՅԱՆ

«Քանաքեռ-Զեյթուն՝ թանգարան բաց երկնքի տակ» ՄԵՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ