«Մեր Մայր Հայաստանն ու Հաղթանակ զբոսայգին» ՍՏԵԼԼԱ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գեղեցիկ վայրերից մեկն էլ «Հաղթանակ» զբոսայգին է, հատկապես փոքրիկների համար այն ուղղակի հեքիաթ է:
Իսկ ի՞նչ գիտենք այս այգու մասին:
Հաղթանակի զբոսայգին իր առաջին այցելուներին սկսել է ընդունել 1950 թվականի նոյեմբերի 29-ից։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, սակայն 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է, և արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ Այն մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։
Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին Եվգենյա Մուրադյանն է:
Նա 17 տարեկան էր, երբ քանդակագործը նկատեց նրան և աղջկա մայրիկին պատմեց իր ծրագրի մասին։ Սակայն մայրը թույլ չտվեց, քանի որ այդ ժամանակ ընդունված չէր երիտաարդ տարիքում բնորդուհի լինել: Պարզվեց Արա Հարությունյանը Եվգենյայի եղբոր ուսուցիչն էր, և Եվգենյան եղբոր հետ այցելեց արվեստանոց:
«Նկարիչը խորաթափանցորեն տեսել և արտահայտել էր այն, ինչ թաքնված էր իմ մեջ, այն, ինչ անհասկանալի էր նույնիսկ ինձ համար»,- խոստովանել է նա։
1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը:
1958 թվականին սկսվեց «Արևիկ» արհեստական լճի կառուցումը, որը կրկնում էր Սևանա լճի ձևը:
Այժմ Հաղթանակի զբոսայգին թե՛ մեծերի, թե՛ փոքրերի սիրելի վայրերից մեկն է Երևանում, ուր առավոտյան կարելի է մարզվել, երեկոյան լիցքաթափվել՝ Արևիկ լճում նավարկելով կամ ուղղակի պտտվող անիվ կառուսելից բացվող աննկարագրելի տեսարանը և մայրամուտը վայելել, կամ էլ վերադառնալ մանկություն, ու ավտոդրոմ նստել:
Նյութը պատրաստեց Ստելլա Համբարյանը:
Հոդվածը գրվել է The Voice of Yerevan Community ծրագրի շրջանակներում:


Комментарии
Отправить комментарий